Երևան

Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որը հիմնադրվել է մ.թ․ա. 782 թվականին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից և անվանվել Էրեբունի: Երևանը եղել է Խորհրդային Միության առաջին քաղաքը, որի համար գլխավոր հատակագիծ է մշակվել։ Այն նախագծել է հանրահայտ ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։ Նախագիծը հաստատվել է 1924 թ.-ին: Քաղաքը նախատեսված էր 150000 բնակչության համար, սակայն ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը ընդլայնվել է 5 անգամ: Երևանը քարե քաղաք է։ Այն կառուցվել է բազալտի, գրանիտի, տուֆի և մարմարի օգտագործմամբ: Ամենամեծ քանակությամբ օգտագործվել է վարդագույն տուֆը, ինչը ինքնատիպ երանգ և հմայք է հաղորդել քաղաքին։ Այդ իսկ պատճառով էլ Երևանը հաճախ անվանում են  «վարդագույն քաղաք»։ 1921 թ․-ին՝ Սեպտեմբերի 21-ին, Երևանը դարձավ անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։ Երևանը Հայաստանի վարչական, մշակութային և արդյունաբերական կենտրոնն է։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը գտնվում է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։ 1965թ․-ի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր։ Դրանց արդյունքում, արդեն ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից 1965թ․-ի մարտի 16-ին վավերացված որոշումը՝ հուշարձան կանգնեցնելու մասին, սկսեց կենսագործվել 1966թ․-ին։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967թ․-ին, և բացումը տեղի ունեցավ 1967թ.-ի նոյեմբերի 29-ին։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր-հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ․-ին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Մարդկանց բազմությունը մոտենում է անմար կրակին, որը հուշահամալիրի կենտրոնական հատվածում է գտնվում և ծաղիկներ է դնում դրա շուրջը։

Մայր Հայաստան հուշահամալիր

Մայր Հայաստան հուշահամալիրը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։ Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է։ 1970 թվականին բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին. թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է Մայր Հայաստան զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։ Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմը։

Երևանի Օպերային Թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ 1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ՝ «Գայանե», «Քաջ Նազար» և այլն։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թ-ի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝«Ալմաստ» օպերայով։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը:

Կասկադ

Կասկադ համալիրն իրենից ներկայացնում է հսկայական սանդուղք Երևանի կենտրոնում։ Այն կապում է քաղաքի կենտրոնական հատվածը Արաբկիրի հետ։ Համալիրը նախագծվել են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Ասլան Մխիթարյանը և Սարգիս Գուրզադյանը։ Նախագիծը մեկնարկել է 1970թ.-ին և ավարտվել 1980թ․-ին։ Համալիրի ներսում տարբեր հարթակները միմյանց են կապում շարժասանդուղքները։ Այստեղ է գտնվում նաև Գաֆեսչյանի ժամանակակից արվեստի կենտրոնը։ Համալիրի արտաքին մակարդակների վրա են տեղակայված բազմաթիվ շատրվաններ, ծաղկանոցներ և արձաններ։ Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Երևան քաղաքը և Արարատ լեռը։ Համալիրի ստորին հատվածում՝ Մոսկովյան փողոցին հարակից, տեղակայված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի արձանը։ Կասկադի համալիրը երևանցիների և, իհարկե, զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկն է։

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոցը ուրարտական բերդաքաղաքնեից է, որի փլատակները պահպանվել են Երևանում։ «Ֆորբս» ամսագրում բերդաքաղաքը դասվել է աշխարհի ամենահին 9 ամրոցների ցանկում։ Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Ս. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում։ Քաղաքը կառուցել է Մինուայի որդի Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782-ին, և ինքն էլ անվանակոչել է այն։ Ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։ Էրեբունու եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք բաղկացած են երեք շարքից և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպները, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցները կառուցված են բազալտից, տուֆից, փայտից և հում աղյուսից։ Ուրարտական թագավոր Արգիշտի I ֊ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի կառուցման մասին պահպանված արձանագրությունում ասվում է՝ "Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա (Ուրարտու) երկրի, տերը Տուշպա քաղաքի"։

Երևանի կոնյակի գործարան

Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի Հանրապետության ալկոհոլային խմիչքների առաջատար կազմակերպություն է։ Այն կառուցվել է 1887 թվականին վաճառական Ներսես Թահիրյանի (Թաիրով) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում։ Նա 1899 թվականին վարձակալության է տալիս, իսկ 1900 թվականին վաճառում է գործարանը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին։ Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։ Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուինսթոն Չերչիլը, Ագաթա Քրիստին և Ֆրանկ Սինատրան։ Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը։

Մատենադարան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Մատենադարան անվանումը կազմված է մատեն՝ մատյան և դարան՝ պահեստ բառերից։ Այստեղ պահպանվում է ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը՝ շուրջ 20000 ձեռագիր, որից ավելի քան 16. 000-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն, հայատառ թուրքերեն և այլն) ձեռագրեր։ Արխիվային ֆոնդում պահպանվում են 100.000-ից ավելի վավերագրեր։

Նորություններ