Վայոց Ձորի մարզ

Վայոց Ձորը Հայաստանի հարավային մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Մարզն ընդգրկում է 2,308 կմ ² տարածք։ Սա Հայաստանի ամենանոսր բնակեցված տարածքն է՝ մոտ 53,230 բնակիչ։ Վայոց Ձորը հարուստ է զբոսաշրջիկների հետաքրքրությունը գրավող բազմաթիվ բնական և կերտված հուշարձաններով։ Դրանց թվում է Արենի 1 քարանձավային համալիրը,  Արենի 1 գինու գործարանը, Սմբատաբերդը (10-րդ դար), Նորավանքը (13-րդ դար)։ Այս տարասքում բազմաթիվ պեղումներ են կատարվել, ինչի արդյունքում գտնվել են բազմաթիվ կենցաղային իրեր պատկանող պոլեոլիթի և բրոնզե դարերին։ Արենի գինեգործարանը ըստ հնագետների աշխարհի ամենահին գինու մշակման կենտրոնն է, ավելի քան 6100 տարեկան։ Իսկ Արենի 1 քարանձավում գտնվել է 5500 ամյա աշխարհի ամենահին կաշվե ոտնամանը։
Վայոց Ձորը գտնվում է լեռնային շրջանում։ Մարզի ամենաբարձր կետը Վարդենիսի լեռն է (3522 մ), իսկ ամենաստորին կետը Արենիի ձորում է (850 մ)։ Վայոց ձորը հարուստ է գետերով, լեռնային աղբյուրներով և հանքային ջրերով։ Ինչպես նաև ուշագրավ են Ջերմուկի և Հերհերի ջրվեժները։ Ջերմուկում գտնվում են բազմաթիվ առողջարաններ և սպա կենտրոններ։ Այն համարվում է Հայաստանի բժշկական տուրիզմի կենտրոնը։

Սմբատաբերդ

Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Բերդն ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ կավե ջրատար խողովակներով։

Նորավանք

Նորավանք (Ամաղու Նորավանք) XIII-XIVդդ կառուցված վանքային համալիր է։ Այն գտնվում է Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք ՝ գեղեցիկ կարմրագույն լեռնանցքի մեջ։ Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Նորավանքի համալիրի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ-ին։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է, կոնսոլային աստիճաններով։ Այն անվանում են Բուրթելաշեն կամ Սբ․ Աստվածածին, որը հանդիսանում է վանային համալիրի ամենաուշագրավ կառույցը։
17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։
Նորավանքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության հուշարձանների թեկնածուների շարքում։

Նորություններ