Տավուշի մարզ

Հայաստանի Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։
Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ 
Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը,Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։

Մակարավանք

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 15 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք` Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։ Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։ Վանքի տարածքում հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը։ Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում։ Վերանորոգման զգալի աշխատանքներ են կատարվել և այժմ էլ շարունակվում են։ Շուտով լրիվ կավարտվեն և Մակարավանքի հրաշակերտ կառույցը կստանա իր նախկին տեսքը։
Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում։ Եկեղեցու կառուցման ժամանակը՝ դատելով նրա ոճից, կարելի է համարել XI - XII դդ։ Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին։ Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է, կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ։

Գոշավանք

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Մխիթար Գոշի մահվանից հետո 1213 թվականից վանքը սկսեցին անվանել նաև Գոշավանք։ Սուրբ Աստվածածինը (1191-1196 թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Սուրբ Աստվածածնից հարավ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։  Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։ Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։
Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության՝ խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291 թ.-ին։ Վանքից ոչ հեռու՝ գյուղի հարավային մասում, կան կառույցներ՝ Սբ. Գևորգ եռախորան գմբեթավոր փոքր եկեղեցին՝ կառուցված 1254-ին Խաչատուր վարդապետի և նրա եղբայր Բարսեղի կողմից, Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։
1958-ին հայոց մեծագույն վարդապետներից մեկի՝ Մխիթար Գոշի դամբարանի մոտ հուշակոթող է կանգնեցվել, այնուհետև 1972-ին բացվել է Գոշի թանգարանը և բարեկարգվել վանքի տարածքը։

Հաղարծնի վանք

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։ Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին: Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետ Մինաս կողմից), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։

Մաթոսավանք

Մաթոսավանքի համալիրը բաղկացած Է միմյանց կից երկու փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Փոքրիկ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Իվանե Զաքարյանի որդու՝ Ավագ Զաքարյանի կողմից 1247 թ։ Այն իրենից ներկայացնում է թաղակապ ծածկով, փոքր շինություն, մուտքը արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված հիմնադրման արձանագրությունով։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։
Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։
Համալիրն այժմ ցավոք գտնվում է կիսավեր վիճակում, սակայն ներսի պահպանված մամռածածկ խաչքարերը մինչ օրս անմոռանալի տպավորություն են թողնում բոլոր այցելուների վրա։

Նորություններ