Սյունիքի մարզ

Սյունիքը Հայաստանի ամենահարավային մարզն է։ Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Սյունիքի մարզը հայտնի է նաև իր էկոլոգիապես մաքուր համեղ սննդով և հյուրընկալ բնակիչներով։

Վահանավանք

Վահանավանքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից 7 կմ արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, մի անտառապատ ձորում։ Վանքը կառուցվել է Վահան իշխանի կողմից, 911 թվականին։ Կառուցվելուց հետո նրան տրվում է մի հսկայական կալվածք, որ տարածվում էր նրա շուրջը։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսում, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ։ Մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի, որը նույնիսկ գեղեցկությամբ գերազանցում է մեծին։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։
Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան։Կից գործել է վանական դպրոցը, որի սաներից է Վահան Ա Սյունեցին։
Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Իշխանաց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Տաթևի թևեր

Տաթևի ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է։ Այն անվանվել է ՏաԹևեր և շահագործման  հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղին Որոտանի լեռնանցքի վրայով միմյանց է կապում Հալիձոր և Տատև գյուղերը։ ՏաԹևերի երկարությունը կազմում է 5,7 կմ։ Այն անցնում է Որոտան գետի վրայով՝ ունենալով մակսիմալ բարձրություն՝ 320 մ։ Խուցը,որը տեղավորում է 25 անձ ընդանում է առավելագույնը 37 կմ/ժ արագությամբ։ Այդպիսով 1 սկզբանկետից վերջնակետ տեղափոխումը կազմում է 11 րոպե 25 վայրկյան։ Ճոպանուղու շնորհիվ Տաթևի վանքը հասանելի է դառնում նաև ձմեռային սեզոնին, այդպիսով երկարեցնելով զբոսաշրջային սեզոնը Հայաստանում։

Տաթևի վանք

Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ, շինարարությունն ավարտվել է 906թ.-ին։ Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Գոյություն ունի գեղեցիկ ավանդություն Տաթևի անվանման ծագման մասին։ Ըստ դրա, շինարարը աշխատանքներն ավարտելուց հետո, ցանկանալով դիտել գեղեցիկ վանքը երկնքից, կանգնում է լեռնանցքի եզրին, ձեռքերը պարզում է երկինք և արտասանում․«Հոգին Սուրբ տա թև»։ Նույն վակրկյանին շինարարը թևեր է առնում և թռչում է լեռնանցքի վրայով իսկ վանքն անվանում են Տաթև։ Տաթևի վանքը հանդիսանում է խոշոր տուրիստական համալիրի մի մաս՝ Սատանի կամուրջի, Տա Թևեր ճոպանուղու, Տաթևի անապատի և այլ հուշարձանների հետ միասին։ Վանական համալիրը Տաթևի անապատի հետ միասին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների թեկնածուների ցանկում ցանկում։

Զորաց քարեր

Զորաց քարերը (Քարահունջ) նախապատմական մեգալիթյան կառույց է։ Այն աշխարհի հնագույն աստղադիտարաններից է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ 18-19-րդ դարերում հուշարձանը ստացել է Զորաց Քարեր անունը (գրաբարում զօր նշանակում է` օր, այսինքն` օրերի քարեր, օրացույց քարեր): Քարահունջը տուրիստական ակնարկներում հաճախ անվանում են "հայկական Սթոունհեջ"։ Այն ներառված է պետության կողմից հատուկ պահպանվող տարածքների ցանկում և ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ։ Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Քարահունջ աստղադիտարանը բաղկացած է հետեւյալ մասերից` կենտրոնական շրջան, հյուսիսային թեւ, հարավային թեւ, հյուսիս-արեւելյան քարուղի, լարագիծ, որը հատում է շրջանը, եւ` առանձին կանգնած քարեր: Ըստ գիտնականների կողմից կատարված հետազոտությունների եզրահանգման միջնադարյան Եվրոպայից շատ հազարամյակներ առաջ Հայաստանում իմացել են, որ տարին բաղկացած է 365+0,25 օրից, նաեւ` երկրի գնդաձեւության մասին:

Նորություններ