Շիրակի մարզ

Շիրակը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում։ Մարզկենտրոնը և խոշորագույնը քաղաքը ՝ Գյումրին է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ ՀՀԼոռու մարզին և հարավից՝ ՀՀ Արագածոտնի մարզին։ Մարզը սպասարկում է Գյումրիում գտնվող Շիրակի Միջազգային օդանավակայանը։
Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի և կրաքարի հանքերով։ Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը:  Ախուրյան գետի հովտում հայտնաբերվել են հնագույն բնակավայրեր, որոնք պատկանում են մ․թ․ա․ 9-րդ հազարամյակին։ Շիրակի տարածքը թվագրվում է վաղ քարե շրջանով։ 2000մ բարձունքներ վրա հայտնաբերվել են նաև բրոնզե դարին պատկանող տարբեր մնացորդներ։
Շիրակում հայտնաբերվել են թագավոր Արգիշտի 1-ի (786-764 մ.թ.ա.) 2 սեպագիր առձանագրություններ, որոնցում նա նկարագրում է, թե ինչպես է ներխուժել Էրախի (ըստ պատմաբանների մեծամասնության Շիրակ անվանումը Էիախի աղավաղված տարբերակն է)։ Ըստ արձանագրության տարածաշրջանը ուներ լավ մշակված քաղաքալրթություն՝ հիմնված գյուղատնտեսության վրա։
Այսպիսով Շիրակի շրջանը հարուստ է զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն առաջացնող տեսարժան վայրերով։ Դրանից ամենահայտնիներն են՝ Մարմաշենի վանքը, Լմպատավանքը, Երերույքի տաճարը և Հառիճի վանքը։  

Հառիճավանք

Հառիճավանքը միջնադարյան եկեղեցական համալիր է։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին: Այն իրենից ներկայացնում է խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց։ Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIII դարի քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։
Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ և կառուցման կատարելությամբ։
Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է հայ սիրված բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։
1850թ-ից Հառիճավանքը հանդիսանում է Հայոց Ամենայն Կաթողիկոսի ամառային նստավայրը։

Լմբատավանք

Լմպատավանքը ճարտարապետական հուշարձան է Արթիկ քաղաքի հարևանությամբ։ Եկեղեցին արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Այն նվիրված էսբ․ Ստեփանոսին և անվանվում է երբեմն Ս․ Ստեփանոսի եկեղեցի։
Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։ Ըստ ճարատրապետական վերլուծության այն պատկանում է VI դարին։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (անցումը իրականացված է երկու շարք տրոմպներով), արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը կատարվել է հետագայում), պայտաձև խարանն ու կամարները։ Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները ցավոք քայքայվել են և գրեթե չեն երևում։

Մարմաշենի Վանք

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։

Երերույքի տաճար

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում։Եկեղեցին ունեցել է վեց սյուն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։
Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Երերույքի տաճարը վերանորոգվել է Հովհաննես Սմբատյան թագավորի կնոջ նախաձեռնությամբ 11-րդ դարում։ Տաճարը 1995 թ-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության հուշարձանների թեկնածուների թվում։

Նորություններ