Հունվարի 23-ին Հայաստանում տոնում են բոլոր սիրահարների տոնը

Այս տարի Հայաստանում սիրահարների տոնը, որն անվանում են Սուրբ Սարգսի անունով կտոնեն հունվարի 23-ին։

Այս տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ, հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ. Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։ Տոնը նվիրված է ժողովրդի շատ սիրած Սուրբ Սարգսին, որի անվան և պաշտամունքի շուրջ հայերի մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։ Սբ․ Սարգիսը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով, և սկսվում էր, փաստորեն, երկուշաբթի օրը պասով։ Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։  Պասը բացում էին ուրբաթ երեկոյան մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղախած փոխինձով։ Երիտասարդներն աղի բլիթ էին ուտում քնելուց առաջ գիշերվա երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով, տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սուրբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սուրբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։ Առավոտյան երիտասարդներն արթնանում էին և շտապում կիսվել երազների պատմություններով։ Այսօր Սբ․ Սարգիսը ևս նշվում է մեծ շուքով Հայաստանում։ Շաբաթ օրը Երևանը լեցուն է միմյանց հանդիման շտապող անակնկալներ պատրաստած սիրահարներով։

Նորություններ