Լոռվա վարզ

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը) և 283.9 հազար մարդ բնակչությամբ: Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Լոռին լեռնային մարզ է բազմաթիվ լեռնային առվակներով և չորս գետերով՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Մարզի ամենաբարձր կետը Աչքասարն է (3196 մ) , իսկ ամենացածրը գտնվում է Դեբետ գետի հովտում (380մ)։ Լեռնային բնությունը, մեղմ ամառը և Լոռու կանաչ անտառները բավական շատ զբոսաշրջիկներ են գերում հատկապե ամառային սեզոնին։ Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու տարարածքում կան բազմաթիվ առողջարաններ, սպա կենտրոններ և հյուրանոցներ։
Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Օձունի վանք

Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։ Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։
Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչնու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։
Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։
Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով, կոթողն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափություններով, հրաշալի զարդաքանդակներով։

Քոբայրի վանք

Քոբայրի վանքը միջնադարյան հայկական վանք է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։
Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։ Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին։ Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։
Քոբայրի վանքի շինությունների ճարտարապետական հարդարանքում զգացվում է վրացական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ այն անցել էր Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին։
Քաղկեդոնական ազդեցությունը զգացվում է Հայաստանի հատկապես հյուսիսային շրջաններում։ Վրացական ազդեցության ամենաակնառու տարրը եկեղեցիների ճակատները խաչաքանդակներով զարդարելն էր, որը ստեղծվում էր խիստ ընդգծված պրոֆիլի միջոցով։
Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը։ Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը։ Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը։ Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին՝ հրեշտակապետները, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, Սուրբ Բարսեղ Մեծը, Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը և Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին։
Քոբայրի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզանդական գեղազարդման համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունները վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, արևելաքրիստոնեական միտումով (հարթապատկերայնության հակումը, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը և այլն)։

Հաղպատավանք

Հաղպատավանքը հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր է։ Նախկինում եղել է համալսարան Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Հաղպատը, Սանահինի վանքային համալիրի հետ միասին, հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին Խոսրովանույշ թագուհու կողմից։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից - 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, 11-րդ դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, 18-րդ դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան։

Ախթալայի վանք

Ախթալայի վանական համալիրը (կամ Պղնձահանքը) X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր "Հայոց Պատմությունում" հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձանահքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի՝ ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։
Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։ Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ 13-րդ դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։

Սանահինի վանք

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։ Վանքը ուներ բավականին մեծ հողատարածքներ։ Այնտեղ բնակվողների թիվը կազմում էր 300-500 մարդ՝ գիտնականներ, արվեստագետներ և այլն։ Այդ ժամանակներով վանական դպրոցը դառնում է ճեմարան։ Սանահինում գործում էր գրատուն, որտեղ գրքեր էին գրվում։ Տարբեր ժամանակաշրջաններին պատկանող կառույցները գեղեցիկ և համահունչ են դիտվում միասին։ Հիմնական խումբը բաղկացած է խաչաձև գմբեթավոր սբ․ Աստվածածին (934 թ․) և Ամենափրկիչ (957-962 թթ․) եկեղեցիներից, 10-րդ դ-ի երկրորդ կեսից Լոռու թագավորության տաճարից, որի արտաքին արևելյան ճակատին պատկերված են թագավորներ Սմբատը իր եղբայր Գուրգենի հետ։
1064թ-ին Սանահինը ավիրել են թուրք սելջուկները, իսկ 1104 թ-ին պարսիկները։ 1139թ-ի երկրաշարժը ևս մեծ ավերվածությունների պատճառ է դարձել։ Վանական համալիրի տարածքում է գտնվում հայ կայսրերի Զաքարյանների գերեզմանատունը։ Դեբետ գետի հովտում է՝ Սանահինի հարևանությամբ է գտնվում նաև նույնանուն կամուրջը (1192 թ):

Նորություններ