Կոտայքի մարզ

Կոտայքը գտնվում է երկրի կենտրոնական մասում։ Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը։ Ամենախոշոր քաղաքը Աբովյանն է։ Կոտայքը Հաըաստանի միակ մարզն է, որը չունի պետական սահման։
Կոտայքը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Այստեղ է գտնվում Ալափարսի Սուրբ Աստվածածնի Տաճարը, Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին (V դար), Թուխ Մանուկ մատուռ-պաշտամունքավայրը (մ.թ.ա 2-րդ հազարմայակ), Այլաբերդ-Սանգայառ ամրոցը (քարի դար),  Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դար) ու միանավ եկեղեցին (IV դար), Գեղարդի վանքը (XII—XIII դարեր), Կեչառիսի վանքը, Մաշտոց Հայրապետ եկեղեցին և այլն։ 
Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Այն հարուստ է հյուրանոցներով և հանդիսանում է տարածաշրջանի սիրված հանգստավայրը ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար։ Մարզում են գտնվում նաև Աղվերան, Արզնի, Հանքավան, Բջնի քաղաքները, որոնք հանդիսանում են Հայաստանի բժշկական տուրիզմի կենտրոններ բազմաթիվ առողջարաններով և հյուրանոցներով։

Գառնի Տաճար

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայք մարզի համանուն գյուղում՝ Ազատ գետի աջ ափին։ Տաճարը նվիրված է հեթանոսական կրակի և լույսի աստված՝ Միհրին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի աննման հուշարձան է։ Տաճարը վերականգնվել է փլատակներից սովետական միության օրոք։ Գառնիի ամրոցը կառուցել է Տրդատ Ա թագավորը 1-ին դարի 70-ական թվականներին։ Իր թողած հունարեն արձանագրությունում այն անվանում է «անառիկ ամրոց», իսկ Փավստոս Բուզանդը՝ «արքունի ամուր ամրոց»։ Գառնու տաճարի հարևանությամբ են գտնվում հնամյա բաղնիքի, ինրպես նաև քրիստոնոական եկեղեցու փլատակները։

Գեղարդ

Գեղարդի վանքը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։ Ժայռափոր շինության մուտքը, ներսի պատերն ու սյուներր զարդարված են գեղեցիկ քանդակներով։ Տեղանքին յուրօրինակ գրավչություն ու վեհություն են տալիս վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը։
Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Առաջին վանքը ավերվել և կողոպտվել է արաբների կողմից 9-րդ դարում։
Գեղարդավանքը Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր։ Այստեղ կար դպրոց, գրադարան, գրչատուն և այլն։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, որոնք մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան։ Մեզ են հասել հայերեն շատ ձեռագրեր, որոնց մի մասը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։
Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, բայց եղել է անմատչելի, Գեղամա լեռներն էլ՝ նրան հուսալի պաշտպան։

Կեչառիսի վանքային համալիր

Կեչառիսի վանքային համալիրը հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ եկեղեցին է։ Այն գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կառուցված 11-13-րդ դարերում Փահլավունիների տոհմի կայսեր օրոք և հանդիսանում է միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը։ Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։ Վանական համալիրի շուրջը կան բազմաթիվ խաչքարեր։
Վանքը մեծ վնաս է կրել 1927թ-ին տեղի ունեցած երկրաշարժից։ Վերականգման աշխատանքները կատաևվել են միայն 1998 թ-ին և ավարտվել 2000 թ-ին։

Նորություններ