Արարատի մարզ

Արարատի մարզն անվանվել է Արարատ լեռան անունով։ Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Տարածքը կազմում է 2096 քառ․կմ։ Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը։ Այստեղից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ, որը անտարբեր չի թողնի ոչ ոքին։ Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի հիմնական լանդշաֆտը լեռնային է։
Արարատի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, սակայն ցավոք դրանցից քչերն են պահպանել նախնական տեսքը։ Դրանց թվում են՝ Խոր Վիրապ վանական համալիրը, Արտաշատ և Դվին հնավայրերը՝  Տափի բերդը՝ ամրոցը եկեղեցիով, Հավուց Թառ վանական համալիրը, XII դարի Սուրբ Կարապետ վանքը, Կաքավաբերդը, Աղջոց վանքը։ Այժմ շատ ուշագրավ են հնագետների համար Դվին և Արտաշատ քաղաքների պեղումները։
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ։ Այն արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Հույն պատմաբան Պլուտարքոսը և Ստրաբոնը գրել են, որ քաղաքը նախագծվել է Կարթագենի գեներալ Հանիբալի կողմից։ Գրված է, որ Հանիբալ Կարթագենացին պարտվել է հռոմեացիներին և ապաստան գտել Արտաշես թագավորի մոտ, որին նա շատ հիանալի խորհուրդներ է տվել և ուղղություններ ցույց տվել։ Այնուհետև, հետազոտելով երկրի տարածքը, նա ասել է Արտաշեսին, որ հենց դա է ամենահարմար վայրը քաղաք կառուցելու համար՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու բնական ռելիեֆը։ Ինչից հետո նա նախագծել է քաղաքի հատակագիծը և Արտաշես արքայի խնդրանքով անձամբ է հետևել շինարարությանը։ Այսօր Արտաշատի պեղումների ընթացքում գտնվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ։ Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ։ Հայտնաբերված իրերի մեջ կան մ.թ.ա. II – մ.թ. I-II դդ. քանդակագործության և կիրառական արվեստի վարպետորեն պատրաստված ուշագրավ նմուշներ՝ կնոջ մարմարե արձան, կավե արձանիկներ, ոսկյա կախիկներով լազուրիտե ափսե, տերևազարդ ոսկե պսակ, այծի արծաթե արձանիկ և այլն։
Դվինը Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Այն գտնվում էր Արտաշատից դեպի հյուսիս։ ՀԻմնադրվել է Խոսրով 2-րդի կողմից 335թ-ին։ 893 թ-ի խոշոր երկրաշարժի ժամանակ քաղաքն ավիրվել է 70000 բնակիչներ հետ միասին։ Քաղաքի կենտրոնում էր գտնվում Սբ․ Գրիգոր վանքը։ Այն կառուցվել էր 3-րդ դարում եռանավ տաճարի տեսքով։ Դվինի ավերակները այժմ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների թեկնածուների շարքում։

Կաքավաբերդ

Կաքավաբերդ (Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարյան բերդը գտնվում էր Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք)։
Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարում անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականիին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։
Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին և այլ շենքերի ավերակներ։

Խոր Վիրապ

Խոր վիրապի վանքը գտնվում է Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Այն կառուցվել է վիրապի վրա, որն իրենից ներկայացնում է օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչին Խոր վիրապից ազատելուց հետո Տրդատը հռչակում է քրիստոնեությունը որպես Հայաստանի պետական կրոն։ Վիրապը պահպանվել է մինչ այսօր գտնվում է 1660թ-ին կառուցված սբ․ Գրիգոր Լուսավորիչ մատուռի մեջ։ Փոսի խորությունը 3-6 մ է։
13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն։

Նորություններ